Հարկավոր է շտապ վերսկսել Սիրիայի հարցով բանակցությունները. Շտայնմայեր
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը Վիեննայում Սիրիայի աջակցության հարցով միջազգային խմբի նիստից հետո հայտարարել է Ժնևում միջսիրիական բանակցությունները շտապ վերսկսելու անհրաժեշտության մասին, հայտնում է РИА Новости գործակալությունը։
«Կողմերը հակասություններ ու տարակարծություններ ունեն Սիրիայում իրավիճակի հարցում, ասկայն այլ կերպ լինել չի կարող։ Ավելի քան 20 երկիր, բացարձակապես տարբեր փորձով ու հայացքներով, աշխատում են, ու մենք պետք է հաղթահարենք այդ տարակարծությունները՝ քաղաքական կարգավորման հասնելու համար։ Այդ մասին մենք այսօր խոսել ենք առարկայական՝ ուսումնասիրելով թույլ տեղերը, որպեսզի դարձյալ վերադառնանք բանակցային սեղանին»,-ասել է Շտայնմայերը լրագրողներին։
«Բոլոր կողմերը պատրաստակամ են շարունակելու այդ ճանապարհը և ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչին հնարավորինս արագ Ժնև հրավիրելու՝ այդ բանակցությունները շարունակելու համար»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ ընթացող զրույցները, որոնք Գերմանիայի արտգործնախարարը կառուցողական էր համարել, թույլ են տալիս ուսումնասիրել վիճելի կետերը, որոնք դարձյալ պետք է քննարկվեն Ժնևում։
Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստն ավարտվել է Վիեննայում։ Հանդիպումը տևել է 5 ժամ։
Պատվիրակություններից մեկում РИА Новости գործակալության աղբյուրը հայտնել էր, որ նիստի արդյունքում ընդունվելու է փաստաթուղթ, որում նշված են լինելու Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմին աջակցելու և հումանիտար հասանելիության հարցերը։










