Փարիզը ողջունում է ԼՂ հարցով Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները

16:44 • 17.05.16

Ֆրանսիայի իշխանությունները ողջունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Վիեննայում անցկացված միջազգային հանդիպման արդյունքները: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը, գրում է РИА Новости-ն:

 

Նախօրեին Վիեննայում կայացել է Ղարաբաղյան հակամարտության սրման սկզբից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Բանակցություններին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը և Պյեր Անդրիոն:

 

«Ֆրանսիան ողջունում է մայիսի 16-ին Վիեննայում կայացած Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպման արդյունքները, որը թույլ է տվել վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն ապրիլի 2-5-ը տեղի ունեցած արյունալի բախումներից հետո»,- ասել է Նադալը:

 

Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպման ընթացքում պայմանավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը և հայտարարել են հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառության մասին, ինչպես նաև համաձայնել են մի շարք միջոցների ընդունման անհրաժեշտության հետ, մասնավորապես՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը:

 

«Այդ պարտավորությունները շատ մեծ նշանակություն ունեն: Ֆրանսիան կոչ է անում կողմերին պահպանել դրանք և կշարունակի որպես միջնորդ հանդես գալ իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ»,- հայտարարել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

 

Փարիզը ողջունում է ԼՂ հարցով Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները