ԻՊ-ը զրկվել է Իրաքում տարածքների կեսից. Պենտագոն
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ԱՄՆ գլխավորությամբ գործող հակաջիհադական կոալիցիայի գործողությունների արդյունքում զրկվել է Իրաքում նախկինում գրավված տարածքների 45 տոկոսից:
Սիրիայում ԻՊ-ի կորուստները կազմել են տարածքի 16-20 տոկոսը: Այդ մասին երեկ Վաշինգտոնում հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուկը, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Միջազգային հակաահաբեկչական կոալիցիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մքգերկն իր հերթին նշել է, որ ջիհադականները կորցրել են նավթով շրջանների և «սև ոսկու» պաշարների մեծ մասի նկատմամբ հասանելիությունը: Փակվել են նաև ֆինանսավորման կանխիկ միջոցներ ստանալու նրանց ճանապարհները, նշել է Մքգերկը:
Նա նաև ասել է, որ դադարել է Սիրիայում կառավարական զորքերի և չափավոր ընդդիմության միջև դիմադրությունը, ինչի հետևանքով ահաբեկիչների դեմ գործողություններն ավելի արդյունավետ են դարձել:
Միևնույն ժամանակ, Սիրիայում իրավիճակը նույն օրը՝ մայիսի 16-ին եղել է Վիեննայում բանակցությունների ուշադրության կենտրոնում: Այդպես, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ քննարկել է Սիրիայի աջակցության միջազգային խմբի «հնարավոր վերջնական փաստաթղթի ուրվագծերը»:










