Վիեննայում ԼՂ հարցով հանդիպումը զգուշավոր լավատեսության հիմքեր է տալիս. Պեսկով

14:35 • 17.05.16

Ղարաբաղյան հակամարտության հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները զգուշավոր լավատեսության հիմքեր են տալիս։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն:

 

Նախագահների հանդիպման և այն հարցին, թե ինչ են կարծում Կրեմլում՝ «կարելի՞ է խոսել այն մասին, որ հակամարտության սուր փուլն արդեն անցել է», Պեսկովը պատասխանել է. «Իհարկե, անհրաժեշտ գնահատականները տրվել են մեր արտգործնախարարի կողմից: Մենք ցանկանում ենք հույս ունենալ, որ կան հիմքեր զգուշավոր լավատեսության համար՝ այն առումով, որ դա թույլ կտա շարունակել ավելի կայուն փուլը»:

 

Հիշեցնենք, որ Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը:


Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Վիեննայում ԼՂ հարցով հանդիպումը զգուշավոր լավատեսության հիմքեր է տալիս. Պեսկով