Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել ԼՂ խնդրի բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ
Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը:
Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ս.թ. ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները:
Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը:
Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրն ավելի վաղ Վիեննայում հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Այս հանդիպմանը հաջորդել է հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Հիշեցնենք նաև, որ ՄԽ համանախագահները մայիսի 12-ին հայտարարություն էին տարածել, որում ասվում էր. «Վերջին բռնությունների և շփման գծում լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության լույսի ներքո մենք հավատում ենք, որ եկել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը: Նրանց հիմնական խնդիրը կլինի ամրապնդել հրադադարի ռեժիմը և հասնել վստահություն սերմանող միջոցների շուրջ համաձայնության, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի բանակցությունների վերսկսման համար` հանուն համապարփակ կարգավորման` հիմնված քննարկվող հիմնարար տարրերի և սկզբունքների վրա»:










