Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է վերջ դնեն ԼՂ-ում ճգնաժամին. ՌԴ պետդումայի հանձնաժողովի ղեկավար

15:48 • 17.05.16

Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունները պետք է վերջ դնեն Լեռնային Ղարաբաղում «ապրիլյան ճգնաժամին» և այդ իրավիճակի վերջնական լուծման մոդել դառնան, կարծում է ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, գրում է РИА Новости-ն:

 

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել նախօրեին Վիեննայում, պետք է վերջ դնեն այսպես կոչված՝ «ապրիլյան ճգնաժամին» և սահմանին իրավիճակի սրմանը: Դա չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով, որ հակամարտությունը շարունակում է մնալ չմարող վիճակում, արնահոսել և կյանքեր խլել»,- գործակալությանն ասել է Սլուցկին:

 

«Սա այն խնդիրն է, որը մենք իրավունք չունենք թողնել հետագա սերնդին»,- ընդգծել է խորհրդարանականը: 


Հիշեցնենք, որ Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը:

Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
 

 

 

Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է վերջ դնեն ԼՂ-ում ճգնաժամին. ՌԴ պետդումայի հանձնաժողովի ղեկավար