ԵՄ-ն սկսել է Տրանսադրիատիկ գազամուղի շինարարությունը, որով ադրբեջանական գազը կմատակարարվի Եվրոպա. The New York Times

10:55 • 18.05.16

Հունաստանում սկսվել է Տրանսադրիատիկ գազամուղի շինարարությունը, որով ադրբեջանական գազը Հունաստանի հյուսիսով և Ալբանիայով կմատակարարվի Իտալիա, հայտնում է The New York Times-ը:

 

Թերթի տեղեկություններով՝ նոր գազամուղը, որի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 870 կիլոմետր, կնվազեցնի Եվրոպայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից:

 

Հաղորդվում է, որ կառուցման մեկնարկի արարողության ժամանակ ելույթ է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: Նա հայտարարել է, որ այդ նախագծի շնորհիվ 24 տոկոս գործազրկություն ունեցող երկրում կհայտնվի 8 հազար նոր աշխատատեղ:

 

Նոր գազամուղով գազի առաջին մատակարարումները նախատեսված են 2020 թվականին:

 

ԱՄՆ-ն, իր հերթին, ողջունել է Տրանսադրիատիկ գազամուղի կառուցման պաշտոնական մեկնարկը:

 

«ԱՄՆ-ն ողջունում է այդ գազամուղի նախագծի մեկնարկը: Գազամուղը Հարավային էներգետիկ միջանցքի վերջին օղակն է, որն Ադրբեջանից գազը կհասցնի Եվրոպայի այլ շրջաններ»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կողմնակից է Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացիային, ինչը «կբարձրացնի Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը և կմեծացնի տարածաշրջանային կայունությունն ու բարգավաճումը»:

 

«Մենք սպասում ենք այդ կարևոր նախագծի առաջընթացին, որը, ինչպես մենք կարծում ենք, կամրապնդի Ադրբեջանի, Թուրքիայի, Հունաստանի և Իտալիայի տնտեսությունները»,- հավելել է Քիրբին:

 

ԵՄ-ն սկսել է Տրանսադրիատիկ գազամուղի շինարարությունը, որով ադրբեջանական գազը կմատակարարվի Եվրոպա. The New York Times