Ավստրալիայում կասկածելի հանգամանքներում մզկիթ է հրդեհվել
Ավստրալական Ջիլոնգ քաղաքի գլխավոր մզկիթում գիշերն ուժգին հրդեհ է բռնկվել, հայտնում է ABC հեռուստաընկերությունը: Կրակը վնասել է շինությունը` ամբողջությամբ ոչնչացնելով նրա տանիքը: Համաձայն նախնական տվյալների՝ ոչ ոք չի տուժել:
Տեղի հրշեջ ծառայության ղեկավար Մարկ Սինկինսոնը տեղեկացրել է, որ հրշեջները դեպքի վայր են ժամանել, երբ կրակն արդեն ամբողջությամբ տարածված է եղել, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք վախենում էինք, որ շինությունը կփլուզվի, ահա թե ինչու աշխատում էինք միայն դրա շուրջը և ներս չէինք մտնում: Շենքի տանիքը փլուզվել է»,- ասել է նա:
Մզկիթի մոտակայքում գտնվող մի քանի տների բնակիչներ պատմել են, որ նախքան հրդեհը նկատելը, նրանք պայթյունի ձայն են լսել:
«Այս պահին մեր ծառայությունը հրդեհի առաջացման պատճառները կասկածելի է համարում, և ոստիկանության հետ միասին հետաքննություն ենք անցկացնում»,- նշել է Սինկինսոնը:










