ԵԱՏՄ երկրները տնտեսական համագործակցության մասին պայմանավորվածություն են ձեռք բերել Սինգապուրի հետ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները Սինգապուրի հետ պայմանավորվել են մի շարք ուղղություններով տնտեսական համագործակցության մասին: Փոխըմբռնման մասին համապատասխան հուշագիրը չորեքշաբթի ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործադիր մարմնի նախագահ Տիգրան Սարգսյանը և Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լուն, գրում է РИА Новости-ն:
Փաստաթուղթը նախատեսում է կողմերի համագործակցությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման, մաքսային վարչարարության, տեխնիկական կարգավորման, ֆինանսների, տրանսպորտի, էներգետիկայի, ագրոարդյունաբերական համալիրի, արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում:
Ինչպես նշել է Տիգրան Սարգսյանը, հուշագիրը կողմերի փոխհարաբերություններում նոր էջ է բացում: Իր հերթին՝ Սինգապուրի վարչապետը հայտարարել է, որ փաստաթուղթը պետք է դառնա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Սինգապուրի միջև պարբերական համագործակցության համար հարթակ:










