Զիկա վիրուսն ամռանը կարող է տարածվել Եվրոպայում. ԱՀԿ
Զիկա վիրուսն այս ամառ կարող է տարածվել Եվրոպայում, թեև հիվանդության լուրջ բռնկման վտանգն այնքան էլ մեծ չէ: BBC-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
ԱՀԿ-ի տվյալներով` վիրուսի տարածման ամենամեծ վտանգի տակ են գտնվում Սև ծովի ափամերձ շրջանները Ռուսաստանում և Վրաստանում, ինչպես նաև՝ Մադեյրա կղզին:
Վիրուսի տարածման վտանգը չափավոր է համարվում Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում և Հունաստանում:
ԱՀԿ-ն կոչ է անում երկրների իշխանություններին վերացնել այն վայրերը, որտեղ կարող են բազմանալ մոծակներն ու հիվանդության բացասական հետևանքների մասին տեղեկացնել բնակչությանը, հատկապես` հղի կանանց:
Սկզբնական շրջանում կարծում էին, որ վիրուսը տարածվում է Aedes aegypti տեսակի մոծակի խայթոցի միջոցով, սակայն ավելի ուշ պարզվեց, որ այն տարածվում է նաև այլ ուղիներով:
Բրազիլացի գիտնականների ուսումնասիրությունների համաձայն` Զիկա վիրուսի համաճարակի բռնկման վտանգի ենթակա շրջաններում, ընդհանուր առմամբ, 2.2 մլրդ մարդ է բնակվում:










