Եգիպտական ինքնաթիռը կործանվել է. Եգիպտոսի քաղավիացիայի նախարարության պաշտոնյաներ
Եգիպտոսի ավիացիոն գերատեսչությունների պաշտոնյաները հայտնել են, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է, հայտնում է Associated Press-ը:
Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարության պաշտոնյաները, ովքեր խոսել են անանունության պայմանով, քանի որ իրավասու չեն եղել խոսելու լրատվամիջոցների հետ, նշել են, որ «ինքնաթիռի կործանման վարկածը հաստատվել է»:
Այժմ իրականացվում են ինքնաթիռի մնացորդների որոնողական աշխատանքները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ EgyptAir ավիաընկերության անհետացած A320 ինքնաթիռի ավտոմատ համակարգերն աղետի ազդանշան են տվել Կահիրեի ժամանակով ժամը 04:26-ին (երևանյան ժամանակով 06։26-ին): Այդ մասին հայտարարել էր Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն է ստացվել, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարներից: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի տասը անդամ: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից:










