EgyptAir-ի ինքնաթիռն անհետանալուց առաջ կտրուկ շարժումներ է իրականացրել. պաշտոնյա
EgyptAir ավիաընկերության ինքնաթիռն անհետանալուց առաջ կտրուկ շարժումներ է գործել: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը, հաղորդում է РИА Новости-ն:
«Հունական ժամանակով գիշերը ժամը 03:39-ին ինքնաթիռը ֆիքսվել է Կասոս և Կարպատոս կղզիներից հարավ-արևելք… անմիջապես հետո նա մտել է Կահիրեի թռիչքային տեղեկատվության գոտի և կատարել կտրուկ շարժումներ՝ 90 աստիճանով ձախ և այնուհետև 360 աստիճանով աջ»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի տասը անդամ: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից:
Եգիպտոսի ավիացիոն գերատեսչությունների պաշտոնյաները հայտնել են, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է: Հունաստանի օդանավակայաններից մեկում աղբյուրն էլ AFP-ին հայտնել է, որ ինքնաթիռը կործանվել է հունական Կարպատոս կղզու մոտակայքում։
Ինքնաթիռի որոնումներն իրականացնում են Եգիպտոսի և Հունաստանի ավիացիոն ծառայությունները:
Ինչպես BBC-ին հայտնել է ավիացիոն վերլուծաբան Փոլ Չարլզը, կտրուկ շարժումների մասին տեղեկությունը վկայում է այն մասին, որ հավանաբար օդաչուի խցիկում միջադեպ է տեղի ունեցել: «Դա վկայում է այն մասին, որ ինքնաթիռը չի պայթեցվել երկնքում հրթիռով կամ պարտադիր չէ, որ ինքնաթիռում սարք է պայթել: Դա կարող է վկայել, որ օդաչուն օդաչուների խցիկում մի միջադեպի մեջ է ներքաշվել»,- ասել է նա:










