A320 ինքնաթիռում կարող էր ահաբեկչություն տեղի ունեցած լինել. Եգիպտոսի քաղավիացիայի նախարարություն
Եգիպտոսի քաղավիացիայի նախարարությունը EgyptAir ավիաընկերության անհետացած A320 ինքնաթիռի հետ կապված միջադեպում դիտարկում է ահաբեկչության վարկածը, գրում է Reuters-ը:
Գերատեսչության տվյալներով՝ ահաբեկչության վարկածն ավելի հավանական է, քան ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը:
«Եթե ամբողջովին վերլուծենք իրավիճակը, ահաբեկչական հարձակման հավանականությունը շատ ավելի մեծ է, քան տեխնիկական խնդիր ունենալու հավանականությունը»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը եգիպտական ինքնաթիռի հետ տեղի ունեցածն ահաբեկչական հարձակում է անվանել և կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ «Եվրոպայի գործընկերներին միջոցառումներ ձեռնարկել՝ այդ ահաբեկչական գործողությանը ներգրավված անձանց պարզելու համար»:
Հիշեցնենք, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի տասը անդամ: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից:
Եգիպտոսի ավիացիոն գերատեսչությունների պաշտոնյաները հայտնել են, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է: Հունաստանի օդանավակայաններից մեկում աղբյուրն էլ AFP-ին հայտնել է, որ ինքնաթիռը կործանվել է հունական Կարպատոս կղզու մոտակայքում։
Ինքնաթիռի որոնումներն իրականացնում են Եգիպտոսի և Հունաստանի ավիացիոն ծառայությունները:










