EgyptAir-ի անհետացած ինքնաթիռի ավտոմատ համակարգերն աղետի ազդանշան են տվել. Եգիպտոսի քաղավիացիայի նախարարություն

11:12 • 19.05.16

EgyptAir ավիաընկերության անհետացած A320 ինքնաթիռի ավտոմատ համակարգերն աղետի ազդանշան են տվել Կահիրեի ժամանակով ժամը 04:26-ին (երևանյան ժամանակով 06։26-ին): Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը, գրում է РИА Новости-ն:

 

Տեղեկությունը հայտնի է դարձել գերատեսչությանը Եգիպտոսի ռազմածովային ուժերի որոնողա-փրկարարական խմբից:

 

Ինչպես հայտնել է SkyNews Arabia հեռուստաալիքը, վկայակոչելով Եգիպտոսի ավիացիայի նախարարության աղբյուրներին, A320 ուղևորատար ինքնաթիռը 2013 թվականին տեխնիկական անսարքության պատճառով հարկադիր վայրէջք է կատարել:

 

Ենթադրաբար, անսարքությունը 2013 թվականին գրանցվել է ինքնաթիռի շարժիչներից մեկում: Այդ ժամանակ ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կահիրեի օդանավակայանում: Այն ուղևորվում էր Ստամբուլ, բայց ստիպված է եղել վերադառնալ: Մասնագետները գրանցել են շարժիչներից մեկի գերտաքացում:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարներից: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի տասը անդամ: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից:

Տեղեկությունների համաձայն՝ ռադարներից կորած Egyptair-ի ինքնաթիռն ընկել է Միջերկրական ծովը:

 

EgyptAir-ի անհետացած ինքնաթիռի ավտոմատ համակարգերն աղետի ազդանշան են տվել. Եգիպտոսի քաղավիացիայի նախարարություն