Էրդողանը ստորագրել է ԵՄ-ի հետ ապօրինի ներգաղթյալների փոխանակության մասին խորհրդարանի ընդունած օրենքը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը վավերացրել է Եվրամիության հետ ստորագրված ռեադմիսիայի մասին համաձայնագիրը, որն անհրաժեշտ է Շենգենյան վիզաների չեղարկման համար։
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կառավարական պաշտոնաթերթում հրապարակման պահից։
Օրենքը, որն ավելի վաղ ընդունել էր խորհրդարանը, նախատեսում է ԵՄ-ի և Թուրքիայի տարածքում ապօրինի բնակվող ներգաղթյալների վերադարձի հնարավորություն։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Վաթան» թերթի կայքը, ստեղծվելու է նաև ռեադմիսիայի հարցերի համատեղ հանձնաժողով։
Այդ համաձայնագիրը պարտադիր պայման էր վիզային ռեժիմի չեղարկման համար։ Վիզաների չեղարկումը նախատեսվում էր հուլիսի մեկից, սակայն գործընթացը ներկայում կանգ է առել, քանի որ Թուրքիան չի կատարել ԵՄ-ի կողմից ներկայացված 72 պահանջներից մի քանիսը։
Մասնավորապես՝ Բրյուսելն Անկարայից պահանջում է բարեփոխել ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը։ Թուրքիան հայտարարում է, որ դա անընդունելի է իրենց համար, քանի որ օրենսդրության մեղմացումը կլինի այն ժամանակ, երբ երկրում ակտիվ պայքար են մղում ծայրահեղականության դեմ։










