Պատճառների վերաբերյալ ոչ մի վարկած չի բացառվում. Ֆրանսիայի նախագահը՝ EgyptAir-ի ինքնաթիռի մասին
Փարիզում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ստացված վերջին տեղեկությունները վկայում են, որ Փարիզից Կահիրե թռչող ինքնաթիռը կործանվել է, հայտնում է BBC-ն:
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահը նշել է, որ «պատճառների վերաբերյալ ոչ մի վարկած չի բացառվում»:
«Մեր՝ նախարարների, կառավարության անդամների և, իհարկե, Եգիպտոսի իշխանությունների հավաքած տեղեկությունները հաստատում են, որ ցավոք, ինքնաթիռը կործանվել է: Այն կորած է»,- ասել է նա:
«Մենք նաև պարտավոր ենք իմանալ ամեն ինչ տեղի ունեցածի պատճառների մասին, ոչ մի վարկած չպետք է բացառվի կամ նախընտրություն տրվի»,- հայտարարել է նա:
Օլանդը նշել է նաև, որ Ֆրանսիան նավեր ու ինքնաթիռներ կուղարկի ինքնաթիռի որոնման, ինչպես նաև բեկորների հավաքման համար, որոնք թույլ կտան պարզել ճշմարտությունը:
Հիշեցնենք, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի տասը անդամ: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից:
Եգիպտոսի ավիացիոն գերատեսչությունների պաշտոնյաները հայտնել են, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է: Հունաստանի օդանավակայաններից մեկում աղբյուրն էլ AFP-ին հայտնել է, որ ինքնաթիռը կործանվել է հունական Կարպատոս կղզու մոտակայքում։










