Մոգերինին հուսով է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կերկարաձգվեն
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ակնկալում է, որ եվրոպական պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի կերկարաձգվեն հուլիսին։
Այդ մասին նա հայտարարել է Die Welt-ին տված հարցազրույցում։
Մոգերինին իր տեսակետը բացատրել է այն հանգամանքով, որ ուկրաինական ճգնաժամի լուծման վերաբերյալ մինսկյան համաձայնագիրն ամբողջապես չի կատարվել։ Նա, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ կոնֆլիկտի կարգավորումը կախված է ոչ միայն Մոսկվայից, այլև Կիևից։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ ներկայում Ռուսաստանը ԵՄ-ի համար ոչ թե ռազմավարական գործընկեր է, այլ՝ ռազմավարական երկիր։ Նա բացատրել է, թե դա նշանակում է, որ խոսքն «ընտրովի փոխգործակցության» մասին է, որի դեպքում դաշինքի անդամ երկրները Մոսկվայի հետ աշխատում են այն ոլորտներում, որտեղ ընդհանուր շահեր ունեն, օրինակ՝ Սիրիայում, Իրանում կամ Լիբանանում։










