EgyptAir-ի ինքնաթիռի օդաչուն պաշտոնի բարձրացում էր ստացել աղետից 4 օր առաջ. The Daily Mail (լուսանկարներ)
EgyptAir ավիաընկերության կործանված ինքնաթիռի օդաչուն տոնել էր իր պաշտոնի բարձրացումն աղետից չորս օր առաջ, հայտնում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով օդաչուի գործընկերներին ու մտերիմներին:
«Չորս օր առաջ նա հրավիրել է EgyptAir-ի իր գործընկերներին և օդաչուների դպրոցի համակուրսեցիներին ընթրիքի՝ իր պաշտոնի բարձրացումը նշելու համար»,- հայտնել է նրա ընկերը:
Պարբերականը տեղեկություններ է հայտնել նաև անձնակազմի այլ անդամների մասին: Իր տվյալներով՝ երկրորդ օդաչուն ողջ կյանքը երազել է օդաչու դառնալ, և նրա մայրը ծախսել է իր բոլոր խնայողությունները նրա կրթության համար: Հաղորդվում է նաև, որ բորտուղեկցորդուհիներից մեկը դերասանուհի է աշխատել հեռուստատեսությունում մինչև 1986 թվականը, ինչից հետո թողել է կարիերան՝ բորտուղեկցորդուհի աշխատելու համար:
Հիշեցնենք, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից երեկ՝ Եգիպտոսի ափերից մոտ 280 կիլոմետր հեռավորության վրա: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի տասը անդամ: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից:
Միջերկրական ծովում հայտնաբերվել են EgyptAir ավիաընկերության անհետացած ինքնաթիռի բեկորները։ Դրանք հայտնաբերել են Եգիպտոսի զինված ուժերը:















