Գառնի համայնքի բնակիչները փակել են Գառնի-Երևան ճանապարհը և պահանջում են Ազատի կիրճից դուրս բերել շինտեխնիկան (լուսանկարներ)
Գառնի համայնքի բնակիչներն այսօր կրկին՝ արդեն հինգերորդ անգամ փակել են Գառնի-Երևան ավտոճանապարհը:
Նրանք շարունակում են պահանջել չեղյալ համարել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիրը և տեխնիկան դուրս բերել Ազատ գետի կիրճից:
Գառնիի բնակիչներն ասում են, ծրագրով նախատեսվում է Ազատ գետի ջուրը տեղափոխել Արարատի մարզի 12 գյուղեր, որտեղ, ըստ գառնեցիների, մի շարք պաշտոնյաների պատկանող այգիներն են:
Tert.am-ի հետ զրույցում գառնեցիները նշեցին, որ երեք օր է արդեն Ազատ գետի կիրճում վերսկսվել են շինաշխատանքներ, ավելի մեծ թափով և նախկին 3 տեխնիկայի փոխարեն այժմ այնտեղ աշխատում է թվով 6 տեխնիկա:
Նշենք նաև, որ այսօր գառնեցիներին են միացել նաև Գողթ համայնքի բնակիչները: Նրանք բողոքում են, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը «Կարմիր սար» կոչվող տարածքում հողատարածքներ է վերցրել և Գողթ համայնքը ոռոգող Գեղալճի ջուրն իր հողատարածքները ոռոգելու նպատակով տեղափոխում է:
Ակցիայի մասնակիցներին են միացել նաև բնապահպաններ, ովքեր աջակցում են գյուղացիներին:
Գառնեցիներն ասում են, թե այս անգամ վճռական են և մտադիր չեն ճանապարհը բացել:
















