Աբդեսլամին առաջին անգամ տեղափոխել են Փարիզի դատարան՝ հարցաքննության

12:35 • 20.05.16

2015 թվականի նոյեմբերին Փարիզում իրականացված ահաբեկչությունների առնչությամբ գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը տեղափոխվել է Փարիզի դատարան, որտեղ նա Բելգիայից արտահանձնվելուց հետո առաջին անգամ կհարցաքննվի ֆրանսիացի քննիչների կողմից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ֆրանսիայում Աբդեսլամը պահվում է խիստ ռեժիմի Ֆլերի-Մերոժի բանտում՝ Փարիզից 30 կիլոմետր հեռավորության վրա: Դատարան նրան տեղափոխել են ուժեղացված հսկողությամբ:

 

Աբդեսլամի փաստաբան Ֆրանկ Բերտոնի խոսքով՝ հարցաքննությունը հավանաբար կտևի ամբողջ օրը: Փարիզյան ահաբեկչությունների զոհերի ընտանիքները և մտերիմները հույս ունեն, որ Աբդեսլամի ցուցմունքները լույս կսփռեն նրա վրա, թե ինչպես է պատրաստվել և իրականացվել ահաբեկչությունը:

 

Քննության տվյալներով՝ Աբդեսլամը կարևոր դեր է խաղացել Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման գործում: Հայտնի է, որ նա մեքենայով հարձակումների վայրեր է տեղափոխել ահաբեկչությանը մասնակցած իսլամիստներից մի քանիսին:

 

Սալահ Աբդեսլամը Բելգիայից արտահանձնվել է Ֆրանսիա ապրիլի վերջին: Բելգիական ԶԼՄ-ների տվյալներով՝ նրա փոխանցման գործողությունն իրականացվել է գիշերը՝ խիստ գաղտնիության պայմաններում:

 

Աբդեսլամը ձերբակալվել է մարտի 18-ին, Բրյուսելի արվարձանում: Նրա ձերբակալությունից չորս օր անց Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում պայթյունների շարք է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 35 մարդ և ավելի քան 300 հոգի վիրավորվել է: 

Աբդեսլամին առաջին անգամ տեղափոխել են Փարիզի դատարան՝ հարցաքննության