Վարույթ է ընդունվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական գործը

14:30 • 20.05.16

Քաղաքացի Սուսաննա Գ.-ն զանգահարել է ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին և հայտնել, որ նախկին ծանոթն իրեն ծեծի է ենթարկել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։


Ահազանգի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցներ Արսեն Օ.-ն, Բագրատ Վ.-ն և Հրաչյա Թ.-ն մեկնել են դեպքի վայր, որտեղ նկատել են, որ Սուսաննա Գ.-ն գտնվում  է ալկոհոլի ազդեցության տակ, և վերջինիս սթափության աստիճանը ստուգելու համար Արսեն Օ.-ն Հրաչյա Թ.-ին խնդրել է զանգահարել շտապօգնություն: Քաղաքացին, լսելով ոստիկանների խոսակցությունը, սկսել է հայհոյանքներ հնչեցնել և բռնություն կիրառել ոստիկանության ծառայողների նկատմամբ: Շտապօգնության ժամանելուց հետո, Սուսաննա Գ.-ն քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ և շարունակել է հայհոյանքներ հնչեցնել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցված քրեական գործով Սուսաննա Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:


Հետագայում քննության անհրաժեշտությունից ելնելով՝ հիշյալ քրեական գործը ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ:

Հիշեցնենք, որ նույն դեպքի վերաբերյալ քաղաքացի Սուսաննա Գ.-ի մոր հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է:
 

Վարույթ է ընդունվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական գործը