Փարիզյան ահաբեկչությունների կասկածյալ Սալահ Աբդեսլամը դատարանում հրաժարվել է պատասխանել հարցերին
2015 թվականի նոյեմբերին Փարիզում իրականացված ահաբեկչությունների գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը, ով ուրբաթ օրն առաջին անգամ կանգնել է ֆրանսիացի քննիչների առաջ, լռություն է պահպանում դատարանի դահլիճում, որտեղ տեղի է ունենում նրա հարցաքննությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Նա հասկացնել տվեց, որ կօգտվի լռության իր իրավունքից, և հրաժարվեց պատասխանել հարցերին»,- Reuters գործակալությանը հայտնել է ֆրանսիական դատախազությունում աղբյուրը: Այդ փաստը նաև հաստատել է Աբդեսլամի փաստաբան Ֆրանկ Բերտոնը:
Ֆրանսիայում Աբդեսլամը պահվում է խիստ ռեժիմի Ֆլերի-Մերոժի բանտում՝ Փարիզից 30 կիլոմետր հեռավորության վրա: Դատարան նրան տեղափոխել են ուժեղացված հսկողությամբ:
Քննության տվյալներով՝ Աբդեսլամը կարևոր դեր է խաղացել Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման գործում: Հայտնի է, որ նա մեքենայով հարձակումների վայրեր է տեղափոխել ահաբեկչությանը մասնակցած իսլամիստներից մի քանիսին:
Սալահ Աբդեսլամը Բելգիայից արտահանձնվել է Ֆրանսիա ապրիլի վերջին: Բելգիական ԶԼՄ-ների տվյալներով՝ նրա փոխանցման գործողությունն իրականացվել է գիշերը՝ խիստ գաղտնիության պայմաններում:
Աբդեսլամը ձերբակալվել է մարտի 18-ին, Բրյուսելի արվարձանում: Նրա ձերբակալությունից չորս օր անց Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում պայթյունների շարք է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 35 մարդ և ավելի քան 300 հոգի վիրավորվել է:










