Երևանցի 24-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձ կատարելու պատճառները պարզվում են. ՀՀ ՔԿ

17:04 • 21.05.16

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 24-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձ կատարելու դեպքի առթիվ. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

 

2016 թվականի մայիսի 20-ին` ժամը 17:00-ին, «Աստղիկ» բ/կ-ից ահազանգ է ստացվել, որ Շահումյան փողոցից գլխի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1992թ. ծնված Դավիթ Թովմասյանը:


Դեպքի վայրի զննության ընթացքում, Երևան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի նախասրահից, հայտնաբերվել է «ՊՍՄ ՌԳ 1015 Պ» համարի ատրճանակ՝ թվով 6 փամփուշտներով, մեկ գնդակ և պարկուճ` արնանման հետքերով:


Դեպքի առթիվ 20.05.2016թ-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:


Նախաքննության ընթացքում հարցաքննվել են տուժածի մերձավոր ազգականները։ Նախնական տվյալներով՝ 20.05.2016թ.` ժամը 17-ի սահմաններում, հարազատները տանը գտնվելու ժամանակ լսել են կրակոցի ձայն, դուրս եկել և տան հետնամասում, գետնին ընկած, տեսել Դավիթ Թովմասյանին՝ արնաշաղախ վիճակում, որից հետո զանգահարել են շտապօգնություն և նրան տեղափոխել են հիվանդանոց:


Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական,  դատաձգաբանական, դատագենետիկական և դատամատնադրոշմային համալիր  փորձաքննություններ:


Նախաքննությունը շարունակվում է:

Երևանցի 24-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձ կատարելու պատճառները պարզվում են. ՀՀ ՔԿ