Ապրիլյան պատերազմի օրերին քաղաքական ուժերը օրինակելի միասնականություն ցուցաբերեցին. Բակո Սահակյան

10:49 • 21.05.16

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ուղերձ է հղել Ստեփանակերտում մեկնարկած Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցներին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:


Ուղերձում ասված է.

 

«Միջոցառման հարգելի՛ մասնակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ողջունում եմ բոլորիդ Արցախում՝ ձեր իսկ հայրենիքում:

 

Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի անցկացումն Ստեփանակերտում կարևոր է և պահանջված, հատկապես՝ ներկա ժամանակահատվածում:

 

Մեր կուսակցություններին բնորոշ է մի կարևոր յուրահատկություն. ունենալով տարբեր նպատակներ ու ծրագրեր, անդամներ ու համախոհներ՝ ճակատագրական և վճռորոշ պահերին նրանք կարողանում են համախմբվել համազգային գաղափարների շուրջ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ու Սփյուռքում և միասնական ուժերով լուծել առկա խնդիրները:

 

Այդպես էր նաև ապրիլյան պատերազմի օրերին, երբ հայկական քաղաքական ուժերը դրսևորեցին սկզբունքային դիրքորոշում, ցուցաբերեցին օրինակելի միասնականություն, համախմբեցին հասարակությանը Արցախին սատարելու, մեր ժողովրդի և պետության անվտանգությունը թշնամու նենգ ոտնձգություններից պաշտպանելու համար:
 

  Մեծ է քաղաքական կուսակցությունների դերը ժողովրդավարական երկրների կյանքում: Հայաստանում և Արցախում ունենք կայացած ու լիարժեք գործող կուսակցություններ:
 

Սփյուռքում գործում են մեր ավանդական կուսակցությունները, որոնք քաղաքական գործունեության հետ մեկտեղ մեծ աշխատանք են տանում նաև հայ ազգային ինքնության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ: Դա լավ հնարավորություն է ստեղծում Հայաստան-Արցախ-Սփյուռք միջկուսակցական համագործակցության համար:

 

Մեկ անգամ ևս կարևորելով կուսակցությունների դերը մեր հասարակական, քաղաքական կյանքում և պետականաշինության գործընթացում՝ ուզում եմ ողջունել Հայաստանի հանրապետական կուսակցության նման նախաձեռնությունը և ֆորումի բոլոր մասնակիցներին մաղթել ակտիվ ու արդյունավետ աշխատանք»:

 

Ապրիլյան պատերազմի օրերին քաղաքական ուժերը օրինակելի միասնականություն ցուցաբերեցին. Բակո Սահակյան