Թուրքիայում սպանել են սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի եղբորը

14:07 • 21.05.16

Թուրքիայում սպանել են երկրի երիտասարդության և սպորտի հարցերի նախարար Աքիֆ Չաղաթայ Քըլըչի ոչ հարազատ եղբորը: Սպանվածը գործարար էր, գրում է «Միլլիյեթը»։

 

Գործարարի մարմինը հայտնաբերվել է Ստամբուլի տարածքում՝ անտառային գոտում: Ոստիկանական հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ֆաթըհ Մեհմեթ Քըլըչը սպանվել է պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքից։

 

Հաղորդվում է, որ գործարարն ուղևորվում էր գործնական հանդիպման՝ 700 հազար թուրքական լիրայով օբյեկտի ձեռքբերման համար: Հանդիպման վայրի մոտակայքում առկա տեսախցիկները ֆիքսել են ոմն Մեթին Ու.-ի հետ գործարարի շփումը, որին արդեն ձերբակալել են: Հանդիպման մյուս մասնակից Սալիմ Օ.-ի ձերբակալման ուղղությամբ քայլեր են իրականացվում:

 

Մեթինի ցուցմունքների համաձայն՝ Ֆաթըհ Քըլըչի հետ հանդիպումից հետո նրանք նստել են ավտոմեքենան, այնուհետև Սալիմը կրակել է դիմացի նստարանին նստած Քըլըչի վրա, ինչից հետո Մեթինը և Սալիմը նրա դիակը տարել են անտառ և թողել այնտեղ:

Թուրքիայում սպանել են սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի եղբորը