3 ժամում` մոտ 13 մլն դոլար. Ճապոնիայում խոշոր գողություն է տեղի ունեցել ավտոմատ սարքերից

09:40 • 23.05.16

Միջազգային հանցախմբի անդամները կասկածվում են Ճապոնիայում կանխիկ գումար տրամադրող ավտոմատ սարքերից 12.7 մլն դոլար գողանալու համար:



Ինչպես նշում է The Guardian-ը, ոստիկանները կարծում են` գողությունն իրականացվել է առնվազն 100 մարդու համագործակցության արդյունքում: Նշվում է նաև, որ մոտ 13 մլն դոլարի գողության համար հանցագործներից պահանջվել է ընդամենը 3 ժամ:



Աղբյուրը մանրամասնում է, որ հանցախումբն իր նպատակի իրագործման համար օգտագործել է 1.600 կեղծված կրեդիտ քարտ, որոնք գաղտնի տեղեկություններ են պարունակել որոշ բանկային հաշիվների վերաբերյալ: Նշվում է, որ կեղծ քարտերն օգտագործվել են մոտ 1.400 ավտոմատներից գումար կանխիկացնելու համար:



Հայտնի է նաև, որ բանկային հաշիվների վերաբերյալ գաղտնի տվյալները հանցագործները ստացել են Հարավային Աֆրիկայում գործող բանկերից մեկից, որի անվանումը չի հրապարակվել:

 

3 ժամում` մոտ 13 մլն դոլար. Ճապոնիայում խոշոր գողություն է տեղի ունեցել ավտոմատ սարքերից