Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ «մի մարդու պետություն» ստեղծելու ճանապարհին է. Շուլց

12:28 • 23.05.16

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանն ընդառաջ Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը քննադատել է Անկարայի գործողությունները։

 

Շուլցի կարծիքով՝ Թուրքիայում «եվրոպական արժեքներից կտրուկ հեռացում» է նկատվում, գրում է Deutsche Welle-ն։

 

«Կանցլերը, ինչպես նաև եվրոպական այլ կառավարությունների ղեկավարները պետք է թուրք նախագահին հստակ ասեն, որ նրա քաղաքականությունը չի համապատասխանում եվրոպական հիմնարար արժեքներին և որ նման կերպով նա չի նպաստում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններին՝ այն փաստացի անհնարին դարձնելով»,-հայտարարել է Շուլցը։

 

Երկուշաբթի նախատեսվում է Մերկելի հանդիպումն Էրդողանի հետ, որի ընթացքում փորձելու են ելքեր գտնել ԵՄ-ի ու Թուրքիայի միջև փախստականների մասին ձգձգված հարցի համար։

 

Դրա հետ միաժամանակ, Մերկելը հնարավոր է անդրադառնա թուրք պատգամավորների մոտ մեկ քառորդին անձեռնմխելիությունից զրկելու ու նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու որոշմանը։ Փորձագետների համոզմամբ՝ դա առաջին հերթին կառնչվի քուրդ գործիչներին։

 

Եվրախորհրդարանի ղեկավարի կարծիքով՝ տեղի է ունենում «աննախադեպ քաղաքական ճնշում, որի ազդեցության տակ էլ խորհրդարանը որոշում է կայացրել պատգամավորներին անձեռնմխելիությունրց զրկելու մասին»։

 

Նա կարծում է, որ Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ «մեկ մարդու պետություն» ստեղծելու ճանապարհին է։

 

Շուլցը, սակայն, Թուրքիայի հետ փախստականների հարցով համաձայնագրի կնքումը սխալ չի համարում, քանի որ հակառակ դեպքում «գինը կվճարեին փախստականները»։

 

«Մեզ լավ պայմանագիր է պետք։ Այդ պատճառով էլ մենք հետագայում էլ ենք աշխատելու Թուրքիայի հետ, սակայն այլևս լռելու իրավունք չունենք»,-ասել է Եվրախորհրդարանի նախագահը։

Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ «մի մարդու պետություն» ստեղծելու ճանապարհին է. Շուլց