ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից. Վրաստանի ԱԳՆ
Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման մասին համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2016 թվականի հուլիսի 1-ից, հայտնում է РИА Новости-ն:
Եվրոպական միությունը և Վրաստանը 2014 թվականի հուլիսին ասոցացման մասին համաձայնագիր են ստորագրել, որի անբաժանելի մասն է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը:
«Բոլորին հայտնի է, որ համաձայնագիրը պայմանականորեն ուժի մեջ է մտել դեռ 2014 թվականին, ընդ որում՝ հանդիպումներին մենք դիտարկել ենք բոլոր դրական արդյունքները, որոնք Վրաստանը գրանցել է 2014 թվականից հետո… Ավելացել է Եվրոպայի հետ ապրանքաշրջանառությունը, աճում է արտահանումը, իրականացվում են մեծ ներդրումներ Եվրոպայի ֆինանսական ինստիտուտների և մասնավոր ձեռնարկատերերի կողմից: Մենք քննարկել ենք նաև քաղաքական արդյունքները, տնտեսության, էներգետիկայի, հաղորդակցության, կրթության ոլորտները, քննարկել ենք ապագայի պլանները»,- ասել է Ջանելիձեն լրագրողներին՝ Բրյուսելում «Արևելյան գործընկերության» և Եվրամիության երկրների արտգործնախարարների հանդիպումների արդյունքներով:










