Իրաքի վարչապետը հայտարարել է Էլ-Ֆալուջա քաղաքն ազատագրելու գործողության մեկնարկի մասին
Իրաքում մեկնարկել է Էլ-Ֆալուջա քաղաքն «Իսլամական պետության» զինյալներից ազատագրելուն ուղղված գործողությունը։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է երկրի վարչապետ Հեյդար ալ-Աբադին։
Նա նշել է, որ եկել է քաղաքն ազատագրելու պահը, և հաղթանակը մոտ է։ Ահաբեկիչներն այլ ելք չունեն, քան փրկվել՝ փախուստի դիմելով, վստահ է ալ-Աբադին։
Մայիսի 22-ին քաղաքի բնակիչները, բանակի խորհրդով, պատրաստվել են քաղաքից տարհանմանը։ Նրանց, ովքեր կմնան Էլ-Ֆալուջայում, զինվորականները խորհուրդ են տվել տների վրա սպիտակ դրոշներ կախել։
Բնակիչներին խորհուրդ չեն տալիս մոտենալ քաղաքում զինյալների կուտակման վայրերին։
Իրաքի և միջազգային կոալիցիայի միջև Էլ-Ֆալուջան ազատագրելու համաձայնությունը կայացվել է 2016 թվականի մարտին։ ԻՊ-ի կողմից գրավված քաղաքից 20 կմ հեռավորությամբ ստեղծվել են փախստականներ ընդունելու կենտրոններ։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վերահսկում է Իրաքի տարածքի գրեթե մեկ երրորդը։ Զինյալները երկրի վրա ակտիվ հարձակումներ էին սկսել 2014 թվականի ամառվանից։










