Լիբիայի ափերի մոտ 850 ներգաղթյալի են բռնել, որոնք փորձել են Միջերկրական ծովով Եվրոպա հասնել
Լիբիայի առափնյա անվտանգության ծառայությունն աֆրիկյան երկրներից մոտ 850 ներգաղթյալի է բռնել Սաբրատա քաղաքի ափերի մոտ, ովքեր Միջերկրական ծովով ուղևորվում էին Եվրոպա, գրում է Reuters-ը։
Նշվում է, որ նրանց թվում եղել է 69 կին, 11-ը՝ հղի: Փչովի ռետինե նավակներում հայտնաբերվել են նաև երեխաներ:
Այս տարի ավելի քան 30.000 ներգաղթյալ է հատել Միջերկրական ծովը և հայտնվել Իտալիայում: Սպասվում է, որ ներգաղթյալների հոսքը դեպի Եվրոպա կարող է ավելանալ:
Միգրացիայի հարցով միջազգային կազմակերպությունը ներկայում Լիբիայում հաշվարկել է 235.000 ներգաղթյալ: Ընդ որում՝ կազմակերպությունից հայտնել են, որ ներգաղթյալների իրական թիվը կարող է շատ ավելին լինել: Նրանցից ոմանք մնում են Լիբիայում` աշխատելու համար: Մյուսները շարունակում են ուղևորվել Եվրոպա:










