Լոնդոնի մետրոյի երկու գիծ օգոստոսից կսկսի աշխատել նաև գիշերը
Լոնդոնի մետրոյի երկու գիծ օգոստոսի 19-ից սկսած կսկսի աշխատել նաև գիշերը, սակայն միայն ուրբաթ և շաբաթ օրերին: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի նոր քաղաքապետ Սադիք Խանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրա խոսքով՝ օգոստոսի 19-ից սկսած գիշերները կաշխատեն շրջանային և «Վիկտորիա» գծերը: Եվս երեք գիծ կսկսի գիշերներն աշխատել աշնանը:
Լոնդոնի մետրոյի մի քանի գիծ պետք է սկսեին աշխատել գիշերները դեռ 2015 թվականի սեպտեմբերից, սակայն մեկնարկը ստիպված են եղել հետաձգել արհմիությունների հետ ձգձգվող բանակցությունների պատճառով:
Այս առիթով մետրոյի աշխատակիցները գործադուլներ են կազմակերպել և պահանջել են բարձրացնել աշխատավարձերը։










