Պանաման կստորագրի հարկային տեղեկատվության փոխանակման մասին առաջին համաձայնագիրը
Ճապոնիայի և Պանամայի իշխանությունները համաձայնել են հարկային տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կնքել, հաղորդում է Kyodo News-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի ֆինանսների նախարարությանը: Այդ գործողությունները պայմանավորված են «պանամական փաստաթղթերի» հետ կապված սկանդալով։
Նշվում է, որ համաձայնագիրը կստորագրվի այն բանից հետո, երբ երկրները կկարգավորեն բոլոր կետերը և ներքին ընթացակարգերի հերթականությունը, ինչը թույլ կտա իշխանություններին ավտոմատ կերպով փոխանակվել օֆշորային գոտում ընկերությունների բանկային հաշիվների մասին տեղեկատվությամբ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ սահմանել հարկային պարտավորություններից խուսափելու հնարավորություն տվող երկրների դեմ:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին հրապարակվել են մի շարք սկանդալային փաստաթղթեր, որոնք բացահայտում են որոշ համաշխարհային առաջնորդների, մարզիկների ու մշակութային գործիչների կապն օֆշորային գործարքների կնքման հետ։
Մասնավորապես՝ Mossack Fonseca իրավաբանական ընկերության տվյալների բազայի տեղեկության արտահոսքի արդյունքում ԶԼՄ-ներին հայտնի է դարձել մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների` գումարների լվացման և հարկերից խուսափելու սխեմաների մասին:










