Մարտական կիրառման խնդիրների շրջանակներում միշտ դիրքերի տեղաշարժ լինում է. Սեյրան Օհանյան

19:03 • 23.05.16

Մարտական կիրառման խնդիրների շրջանակներում միշտ դիրքերի տեղաշարժ լինում է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե կորցրած 800 հա տարածքը ռազմական նշանակության չէ:

 

Դիտարկմանը, թե կան կարծիքներ, որ 800 հեկտարն ամենևին էլ անվտանգության գոտի չէ, դա նախկին ԼՂԻՄ մաս հանդիսացող Մարտակերտի մասն է, Սեյրան Օհանյանն այսպես արձագանքեց. «Մեր իրականության մեջ յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր պարտականություններով: Կարծում եմ՝ հասկանալի է, որ ԼՂՀ ղեկավարությունը, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը փոխադարձ համագործակցության շրջանակներում բոլոր խնդիրները քննարկում են: Այդ տարածքներում դիրքերի դասավորվածությունն այնպիսին է, որ վերահսկողությունը, նախաձեռնողականությունը, կրակային խոցման բոլոր նախաձեռնությունները ՊԲ ստորաբաժանումների մոտ են, այդ ամենը մեր մարտական խնդիրների շրջանակներում է:

 

Մարտական կիրառման խնդիրների շրջանակներում՝ և՛ պաշտպանողական, և՛ հարձակողական գործողությունների ընթացքում միշտ դիրքերի տեղաշարժ լինում է, և դա չպետք է երբևիցե վախեցնի մեզ՝ խնդիրը գլոբալ առումով լիարժեք իրականացնելու համար: ՊԲ-ն իր առջև դրված խնդիրն այս մարտական գործողությունների ժամանակ կատարել է»:

 

Tert.am-ի հարցին, թե 800 հա հողատարածքը կորցնելու հետևանքով գյուղը լքած թալիշեցիները ե՞րբ կարող են, Սեյրան Օհանյանը պատասխանեց, թե հարցը պետք է ուղղվի ԼՂ ղեկավարությանը, այնուամենայնիվ նշեց. «Հիմա Թալիշում անվտանգ է: Համապատասխան պայմաններ, իհարկե, պետք է ստեղծվեն, որ մարդիկ վերադառնան: ՊԲ-ն այնտեղ ծառայություն է իրականացնում, կրակոցները քիչ են և այդ ամենը ԼՂ ղեկավարությանը հնարավորություն է ստեղծում աշխատեն, պայամններ ստեղծեն բոլոր տիպի ավերվածությունից հետո, որ ժողովուրդը վերադառնա»:

 

Սեյրան Օհանյանն ասաց, թե այս պահին ղարաբաղաադրբեջանական շփման գոտում հրադադարի ռեժիմը հարաբերականորեն պահպանվում է:


«Վերջին երեք օրերի ընթացքում կրակոցների թիվը մինիմալն է եղել, երկու տասնյակի է հասել: Կարծում եմ, որ ՊԲ ողջ անձնակազմը, ՀՀ սահմանին կանգնած զինծառայողները, զորամիավորումները տիրապետում են իրավիճակին: Ես եղել եմ Ղարաբաղում, անցել եմ սահմանով, տեսել, որ մարտական ոգին, տրամադրվածությունը, մարտական կարողությունների բարձրացման ուղղությամբ տարվող միջոցառումներն իրականացվում են տեղին»,- նշեց Սեյրան Օհանյանը:


 

 

Մարտական կիրառման խնդիրների շրջանակներում միշտ դիրքերի տեղաշարժ լինում է. Սեյրան Օհանյան