Սիրիայում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել. կա ավելի քան 100 զոհ
Սիրիական Ջաբլե և Տարտուս քաղաքներում պայթյունների շարք է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, աղբյուրի խոսքով՝ Լաթաքիա նահանգի Ջաբլե քաղաքում գրանցված երեք պայթյուններից մեկը տեղի է ունեցել ավտոկայանի ու պետական էնեգետիկ ընկերության շենքի միջև, ևս մեկը՝ քաղաքի մուտքի մոտ։ Ավելի ուշ մահապարտն ինքն իրեն պայթեցրել էր տեղի հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքի մոտ։
Դրանից հետո հայտնի է դարձել, որ զինյալները հարձակում են իրականացրել նաև երկրի՝ մեծությամբ երկրորդ նավահանգստային քաղաք Տարտուսում։ Այստեղ ահաբեկչությունները ևս տեղի են ունեցել ավտոկայանի մոտ, դրանցից մեկը՝ վառելիքի լիցքավորման կետի մոտ։
«Մեր տեղեկություններով՝ 7 պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ։ Շատ ծանր վիրավորներ այժմ գտնվում են Ջաբլեի ու Տարտուսի հիվանդանոցներում»,- հայտնել են ոստիկանությունից։
Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Ավելի ուշ սիրիական հատուկ ծառայությունները Ջաբլեում ձերբակալել են մի մահապարտի, որն «Ախրար աշ-Շամ» խմբավորման անդամ է։ Նախնական տեղեկություններով՝ նա մտադիր է եղել պայթյուն իրականացնել տեղի հիվանդանոցի մոտ։
Լաթաքիա նահանգը գտնվում է Սիրիայի արևմուտքում։ Նահանգի կենտրոնում երկրի խոշորագույն նավահանգիստն է։ Վերջին ամիսներին երկրի կառավարական զորքին հաջողվել է վերահսկողության տակ առնել շրջանի մեծ մասը։ Դա տեղի է ունեցել այնտեղ տեղակայված ռուսական ավիաբազայի աջակցությամբ։
Տարտուսը համանուն նահանգի կենտրոնն է։ Այստեղ տեղակայված է ռուսական ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կետը։










