Թուրքիան սպառնացել է ԵՄ-ին դադարեցնել բոլոր համաձայնագրերը
Թուրքիան սպառնացել է դադարեցնել Եվրամիության հետ բոլոր համաձայնագրերը, եթե Բրյուսելը շարունակի «երկակի չափանիշների» կիրառման քաղաքականությունը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Յիիթ Բուլութը, հայտնում է Reuters-ը:
Բուլութը չի նշել, թե ինչ պահանջներ ունեն Թուրքիայի իշխանությունները Եվրամիության նկատմամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ իր երկիրն ընդունում է ավելի շատ փախստական, քան աշխարհի ցանկացած այլ պետություն, և կոչ է արել ԵՄ-ին կիսել այդ բեռը:
«Անօրինական ներգաղթը վերահսկելու համար Եվրոպան և Թուրքիան պետք է միասին աշխատեն իրավական մեխանիզմների ստեղծման ուղղությամբ, ինչպիսին է 2016 թվականի մարտի համաձայնագիրը»,- ասել է Էրդողանը:
Անկարան և Բրյուսելը բանակցություններ են վարում մի շարք կարևոր հարցերի շուրջ, առավել կարևոր են Մաքսային միության հարցերը և փախստականների հարցով գործարքը:
Մարտի 18-ին Թուրքիա-ԵՄ գագաթնաժողովի ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, համաձայն որի հուլիսի 1-ից պետք է վերացվեն Թուրքիայի քաղաքացիների համար դեպի ԵՄ մուտքի վիզաները: Սակայն մայիսի 11-ին հայտնի է դարձել, որ Եվրախորհրդարանը կդադարեցնի Թուրքիային առանց վիզայի ռեժիմ տրամադրելու ուղղությամբ աշխատանքները՝ մինչև Անկարան չկատարի ԵՄ պահանջները։










