Գ. Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ վեճի քրգործով 4 անձ կալանավորված է, 1-ը` ձերբակալված, ևս մեկին ձերբակալելու որոշում է կայացվել

15:13 • 24.05.16

Երևան քաղաքի քննչական վարչությունում մայիսի 16–ին Կապի և տրանսպորտի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած վիճաբանության փաստի առթիվ քրեական գործի շրջանակներում 4 անձ կալանավորված է, 1-ը` ձերբակալված, ևս մեկին ձերբակալելու որոշում է կայացվել` ձեռք բերված ապացույցների հիման վրա:

 

Այս մասին Tert.am –ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական վարչությունից` նշելով, որ ձեռնարկվում են միջոցներ` պարզելու մայիսի 16-ին տեղի ունեցած վիճաբանության բոլոր հանգամանքներն ու մասնակիցների շրջանակը:

 

«Մայիսի  16–ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նախնական տվյալներով`  ծեծի են ենթարկվել մի շարք անձինք:  Ձեռք բերված ապացույցների հիման վրա 4 անձի մեղադրանք է առաջադրվել` 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:  Մայիսի 21-ին ևս մեկ անձ ձերբակալվել է կասկածանքով, այսօր ավելի ուշ ինֆորմացիա կտրամադրվի մեղադրանքի ու ծավալի մասին»,- հայտնեցին Քննչական կոմիտեի լրատվականից:

 

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Armtimes.com-ը տեղեկացրել էր, որ նախօրեի գիշերը ձերբակալվել են տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները: «Թե ինչու է տեղի ունեցածը գաղտնի պահվում, կարելի է միայն ենթադրել: Չի բացառվում, որ Բեգլարյանին հաջողվի այս ընթացքում «ջրից չոր դուրս բերել» իր թիկնապահներին»,-գրել էր լրատվամիջոցը:

 

 

 

Գ. Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ վեճի քրգործով 4 անձ կալանավորված է, 1-ը` ձերբակալված, ևս մեկին ձերբակալելու որոշում է կայացվել