Իրավապահները զբաղվում են Լեհաստանում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությամբ. Արծրուն Հովհաննիսյան

20:53 • 24.05.16

Իրավապահ մարմինները զբաղվում են Լեհաստանի Բիելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում ՀՀ Զինված ուժերին մատակարարվող պահածոների վաճառքի մասին սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությամբ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փաստաբան Գարիկ Գալիկյանի ֆեյսբուքյան գրառմանն արձագանքելով` նշել է ՀՀ պաշտպանության  նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

Փաստաբան Գարիկ Գալիկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Լեհաստանում, մասնավորապես՝ Բիելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում, վաճառվում են պահածոներ, որոնք նախատեսված են եղել ՀՀ ԶՈւ զինվորների համար:



«Այդ ապրանքների պիտակների վրա հայերեն նշվում է «Զինվորի բաժին» և «վաճառքի ենթակա չէ», իսկ պատվիրատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է»,- գրել է Գալիկյանը և որպես ապացույց հրապարակել  Լեհաստանում ապրող ընկերոջից ստացված լուսանկարները:

 

Փաստաբանը նշել է, որ զինվորական համազգեստի հետ միասին այդ օրապահիկն արժե 500 զլոտի, այսինքն` 160 դոլար:

 

«Հարգելիներս, այս հարցով արդեն իրավապահ մարմինները զբաղվում են: Մենք դիմել ենք բոլոր համապատասխան ատյաններին», - նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Իրավապահները զբաղվում են Լեհաստանում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությամբ. Արծրուն Հովհաննիսյան