Էրդողանը հետաքրքրվել է Ցիպրասից, թե ինչու է նա եկել հանդիպման առանց իր նվիրած փողկապի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում առաջին անգամ անցկացվող Մարդասիրական գագաթնաժողովի շրջանակում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպմանը հետաքրքրվել է նրանից, թե ինչու է հույն վարչապետը ժամանել հանդիպման առանց իր նվիրած փողկապի, գրում է РИА Новости-ն:
Ցիպրասը չի կրում փողկապներ, բայց իշխանության գալուց առաջ նա խոստացել է, որ կսկսի կրել դրանք, երբ նրա կառավարությունը դուրս գրի Հունաստանի պարտքերը:
«Where is kravat?» («Որտե՞ղ է փողկապը»),- հարցրել է Էրդողանը Ցիպրասին՝ օգտագործելով անգլերեն և թուրքերեն բառերի խառնուրդը:
Թուրքիայի նախագահը հիշեցրել է Հունաստանի վարչապետին, որ իրեն փողկապ է նվիրել նախորդ հանդիպման ժամանակ, և Ցիպրասը խոստացել է կրել այն հաջորդ անգամ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ցիպրասին փողկապ է նվիրել Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, իսկ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերն առաջարկել է տրամադրել իր փողկապը:










