ՆԱՏՕ-ն կմեծացնի ներկայությունը Վրաստանում
Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է ակտիվացնել համագործակցությունը Վրաստանի հետ։ Այդ մասին հայտարարել է Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը, ով ժամանել է Թբիլիսի՝ Պաշտպանության և անվտանգության հարցերով միջազգային համաժողովին մասնակցելու համար, գրում է korrespondent.net-ը:
«Մենք պատրաստվում ենք ակտիվացնել համագործակցությունը Վրաստանի հետ, ինչը ենթադրում է Վրաստանում ՆԱՏՕ-ի ավելի մեծ ներկայություն»,- ասել է Ապաթուրայը լրագրողներին։
«Այժմ Վրաստանում անցկացվում են ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժությունները, իսկ մոտ ապագայում մենք մտադիր ենք բացել Վրաստանի պաշտպանության նախարարության ինստիտուցիոնալ զարգացման դպրոցը: Կարծում եմ՝ այդ ամենը Վրաստանին ՆԱՏՕ-ի առաջարկների ցուցադրումն է»,- նշել է նա:
Ապաթուրայից բացի, Թբիլիսի են արդեն ժամանել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար Բեն Հոջեսը, Բալթյան երկրների պաշտպանության նախարարները:
«Համաժողովին կքննարկվեն Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերը»,- լրագրողներին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինատին Խիդաշելին:










