Ռուսաստանում աշխատավարձերն անկում են գրանցել՝ հասնելով Բելառուսի և Ղազախստանի մակարդակին
2015 թվականին Ռուսաստանի քաղաքացիների միջին աշխատավարձն ԱՄՆ դոլարով նվազել է՝ հասնելով Բելառուսի և Ղազախստանի մակարդակին: Այդ մասին են վկայում մայիսին սոցիալ-տնտեսական դրության և բնակչության սոցիալական ինքնազգացողության մոնիթորինգի արդյունքում ստացված Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի տվյալները, գրում է gazeta.ru-ն:
Դպրոցի վերլուծաբանները հաշվարկում են միջին աշխատավարձը՝ հիմնվելով փոխարժեքների վրա: 2015 թվականին Ռուսաստանում միջին աշխատավարձը կազմել է 558 դոլար՝ գրանցելով 34 տոկոսի անկում անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ։ Այդկերպ, Ռուսաստանում միջին աշխատավարձը համեմատելի է դարձել Ղազախստանի (549 դոլար), Ադրբեջանի (413 դոլար) և Բելառուսի (415 դոլար) նույնանման ցուցանիշների հետ:
«Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրեթե բոլոր դիտարկվող երկրներն արդեն այսօր առաջ են անցնում Ռուսաստանից աշխատավարձի մակարդակով: Դիտարկման ողջ ընթացքում Լեհաստանում, Ռումինիայում, Հունգարիայում, Չեխիայում և Խորվաթիայում աշխատավարձի մակարդակը գերազանցել է 2015 թվականին աշխատավարձի ռուսական մակարդակը»,- նշված է զեկույցում:










