2015 թվականին ԵՄ-ում ձերբակալվել է ավելի քան 1000 ենթադրյալ ահաբեկիչ. Եվրոպոլ

15:42 • 24.05.16

2015 թվականին Եվրամիությունում ձերբակալվել է ավելի քան 1000 ենթադրյալ ահաբեկիչ։ Այդ մասին Եվրախորհրդարանում հայտնել է Եվրոպոլի ներկայացուցիչ, ահաբեկչության դեմ պայքարի եվրոպական կենտրոնի ղեկավար Մանուել Նավարետե Պանիագուան, գրում է Deutsche Welle-ն:

 

Եվրոպոլի համապատասխան զեկույցը կհրապարակվի մոտ ժամանակներս:

 

Կազմակերպության տվյալներով՝ ձերբակալվածներից 667-ը ենթադրաբար մտնում են ջիհադական խմբավորումների մեջ, ևս 168-ն ազգայնական է կամ անջատողական: Ենթադրյալ ահաբեկիչների թվում են նաև 67 ձախ և 11 աջ ծայրահեղական:

 

Բացի այդ, Եվրոպոլի տվյալներով, 2015 թվականին ընդհանուր առմամբ Եվրոպայի տարածքում գրանցվել է 211 ահաբեկչական հարձակում, որոնք իրականացվել են, կանխվել կամ չեն ստացվել: Ամենադաժան ահաբեկչությունները տեղի են ունեցել նոյեմբերի 13-ին Փարիզում, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 130 մարդ: Ընդհանուր առմամբ, Եվրոպայում անցած տարի ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 151 մարդ:

 

2015 թվականին ԵՄ-ում ձերբակալվել է ավելի քան 1000 ենթադրյալ ահաբեկիչ. Եվրոպոլ