Հայտնի է Թուրքիայի կառավարության նոր կազմը. ԱԳ, ՆԳ նախարարներն ու Էրդողանի փեսան պահպանել են պաշտոնները
Թուրքիայի նոր վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նորընտիր ղեկավար Բինալի Յըլդըրըմը հրապարակել է երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հաստատված կառավարության նոր կազմը։
Ինչպես տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը, իրենց նախկին պաշտոնները պահպանել են փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Էֆքան Ալան։
ԱԶԿ-ի խոսնակ Օմեր Չելիքը զբաղեցրել է ԵՄ հարցերով Թուրքիայի պետնախարարի պաշտոնը, իսկ Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը, շարունակելու է գլխավորել Էներգետիկայի նախարարությունը։
Նոր կառավարության կազմում պաշտպանության նախկին նախարար Իսմեթ Յըլմազը նշանակվել է կրթության նախարար, կրթության նախկին նախարար Նաբի Ավջըն՝ մշակույթի նախարար։
Երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Ֆիքրեթ Ըշըքը։










