Կիպրոսի նախագահը կընդհատի այցը Թուրքիա՝ Անկարայի կողմից պրոտոկոլի խախտման պատճառով
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը կընդհատի այցը Թուրքիա՝ պաշտոնական Անկարայի կողմից պրոտոկոլի խախտման պատճառով, հայտնում է Reuters գործակալությունը:
Հաղորդվում է, որ Անաստասիադիսը, ով Թուրքիա է ժամանել երկուշաբթի օրը, հրաժարվել է այցելել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կազմակերպած ճաշին, քանի որ միջոցառմանը հրավիրված է եղել նաև թուրք-կիպրոսցիների առաջնորդ Մուստաֆա Աքընջին:
Քաղաքական գործիչները բանակցություններ են վարում Կիպրոսի միավորման ուղղությամբ, սակայն Անաստասիադիսը, որպես ճանաչված պետության ղեկավար, ցավագին է արձագանքում երկու առաջնորդների հավասար ընդունման փորձերին, նշում է գործակալությունը:
Կիպրոսի CAN գործակալության տվյալներով՝ Անաստասիադիսը հայտարարել է. «Ճաշեք, ես չեմ գա», երբ Կիպրոսի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հայտնել է իրեն, որ ներկա է լինելու նաև Աքընջին:
Անաստասիադիսը կհեռանա Թուրքիայից երեքշաբթի երեկոյան: Նա նաև չեղյալ է հայտարարել հինգշաբթի օրը նախատեսված հանդիպումը ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի հետ և Աքընջիի հետ բանակցությունների հերթական փուլը, որը պետք է կայանար ուրբաթ օրը:










