«Ստրուկների օրն» ու դրա մասին բարձրաձայնած ադրբեջանցի երիտասարդներին կալանքի տակ պահող Ադրբեջանը. IWPR
Փորձագետները նշում են, որ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանը պղծած երկու ակտիվիստների ձերբակալությունը և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքը ցույց է տալիս ավելի ու ավելի ռեպրեսիվ դարձող Ադրբեջանում անհատի աճող պաշտամունքի երևույթը, գրում է Սամիրա Ահմեդբեյլին Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) համար:
NIDA երիտասարդական շարժման անդամները՝ Բայրամ Մամեդովը և Գիյաս Իբրահիմը, ձերբակալվել են Բաքվում մայիսի 10-ին` թմրանյութ պահելու մեղադրանքներով: Դրանից ժամեր առաջ երկու երիտասարդները Հեյդար Ալիևի արձանի վրա անգլերեն գրել էին «Fuck the System» և ադրբեջաներեն՝ «Շնորհավոր ստրուկների տոնը», այնուհետև սոցիալական ցանցերում հրապարակել գրաֆիտիի լուսանկարները: Ակտիվիստներն այնուհետև հաղորդել են կալանքի տակ գտնվելու ընթացքում խոշտանգումների մասին:
![]()
Մայիսի 10-ին նախկին նախագահ, ներկայիս առաջնորդ Իլհամ Ալիևի հոր ծննդյան օրն է։ 2004 թվականից ի վեր ամեն տարի այդ օրն անցկացվում է Ծաղիկների փառատոնը: Ի դեպ, ադրբեջաներեն բառախաղով այն կարող է նշանակել «Ստրուկների օր»: Գուլ նշանակում է ծաղիկ, իսկ քուլ՝ ստրուկ:
Ակտիվիստներին վարկաբեկելու ակնհայտ միտումով դատական հետապնդումները սովորական են Ադրբեջանում, գրում է հեղինակը։ Որպես պատրվակ հաճախ օգտագործվում են ֆինանսական զանցանքները:
Մեղավոր ճանաչվելու դեպքում ակտիվիստները կարող են դատապարտվել 12 տարվա ազատազրկման:
«Ադրբեջանի իշխանությունները ստեղծել են ազգային պաշտամունք և պատժում են բոլոր նրանց, ովքեր դիպչում են դրան»,- IWPR-ին ասել է NIDA-ի խորհրդի անդամ Ուլվի Հասանլին:
Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերում լուսանկարները հարյուր հազարավոր մարդիկ են տեսել և տասնյակ հազարները տարածել են այն, այդ պատճառով է «ռեժիմն այդքան ագրեսիվ և հիստերիկ կերպով արձագանքել»:
Փաստաբան Ֆարիզ Նամազլիի խոսքով՝ ակտիվիստները մեղադրվել են թմրանյութեր պահելու համար, որովհետև հուշարձան պղծելը քրեորեն պատժելի արարք չէ:
Որոշ ադրբեջանցիներ նշում են, որ իշխանությունների արձագանքը վանդալիզմին անգամ ավելի կոշտ էր, քան խորհրդային ժամանակներում:
Ինչպես նշում է հեղինակը՝ ամեն տարի Ադրբեջանում ոչինչ չեն խնայում Ծաղկի փառատոնի կազմակերպման համար, որի համար հսկայական գումարներ են ծախսվում: Այնուամենայնիվ, փառատոնը չեղյալ է հայտարարվել այս տարի Լեռնային Ղարաբաղում քառօրյա պատերազմի պատճառով:
Մայիսի 10-ը սպանված տասնյակ զոհերի սգո 40-րդ օրն էր: Ինչպես նշել է Բաքվի բնակիչներից մեկը, իշխանությունները վախենում էին, որ այս տարի կարող են ցույցեր լինել պատերազմում ունեցած կորուստների պատճառով, և տոնն այդ պատճառով է չեղյալ հայտարարվել: Նրա խոսքով՝ եթե անանուն հարցում կազմակերպվեր բնակչության շրջանում, չէր գտնվի մեկը, ով համաձայն չէր լինի նրանց գրածի հետ, «բայց ոչ բոլորն են այս տղաների նման քաջ»:
Ակտիվիստների ձերբակալությունները դատապարտել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, իսկ Sports for Rights կազմակերպությունը կոչ է արել ազատել ակտիվիստներին, ինչպես նաև ձերբակալված լրագրողներին հունիսին նախատեսվող Formula One եվրոպական Գրան պրիի մրցաշարից առաջ:
«24 քաղաքական և կրոնական բանտարկյալների ազատ արձակումից հետո Ադրբեջանի իշխանությունները, թվում է, ցանկանում են լցնել դատարկ բանտախցերն ազատության նոր պաշտպաններով»,- ասել է Freedom House-ում արտակարգ օժանդակության ծրագրերի փոխնախագահ Ռոբերտ Հերմանը:
«Ադրբեջանի ռեպրեսիվ օրենքներից ոչ մեկ չի վերացվել: Ժողովրդավարական երկրները պետք է պահանջեն, որ Ադրբեջանը հարգի հիմնարար ազատությունները և թույլ տա քաղաքացիական հասարակությանն ազատ գործել»,- ասել է նա։










