Քրդական ջոկատները հայտնել են սիրիական Ռաքքայի ուղղությամբ գրոհի մեկնարկի մասին
Քուրդ ապստամբների ջոկատները հայտնում են, որ Սիրիայի արաբական ընդդիմադիր խմբավորումների հետ համատեղ սկսել են «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության «մայրաքաղաք» Ռաքքայի ուղղությամբ գրոհը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հաղորդվում է՝ Սիրիայի ժողովրդավարական ուժերի դաշինքը, որը, որոշ տվյալներով, բաղկացած է մոտ 30 հազար մարտիկներից, արդեն սկսել է գնդակոծել Ռաքքայի արվարձանները:
Դաշինքի ներկայացուցիչը հայտարարել է, որ գրոհին կաջակցեն ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ուժերի օդային հարվածները:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի հայտարարել էր Ռուսաստանի պատրաստակամության մասին՝ համակարգել գործողություններն ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի և քուրդ ապստամբների հետ՝ Ռաքքա քաղաքի ազատագրման համար:
«Ես չեմ կարող ասել, թե որքան իրական են հաղորդագրություններն այն մասին, որ այդ գործողություններն արդեն սկսվել են, բայց այն, որ մենք պատրաստ ենք նման համակարգման, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ»,- ասել էր Լավրովը:










