Պուտինը ներում է շնորհել Սավչենկոյին

17:18 • 25.05.16

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին ներում շնորհելու մասին հրամանագիրը, հայտնում է РИА Новости-ն:

 

Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը նաև հայտնել է, որ Սավչենկոն տեղափոխվել է Կիև:

 

Ուկրաինուհի զինծառայող Սավչենկոն դատապարտվել էր Ռուսաստանում՝ Դոնբասում լրագրողների սպանության գործով։ Դատարանն ապացուցված էր համարել, որ 2014 թվականի հունիսի 17-ին նա կրակ է բացել ռուս լրագրողների ու Լուգանսկի աշխարհազորայինների վրա, ինչի հետևանքով զոհվել էին լրագրողներ Իգոր Կորնելյուկն ու Անտոն Վոլոշինը։

 

Պեսկովի խոսքով՝ ուկրաինուհուն ներում է շնորհվել լրագրողների բարեկամների խնդրանքով։ Նա հստակեցրել է, որ առավոտյան Պուտինը հանդիպել է լրագրողների հարազատների հետ։ Նրանք հիմնավորել են իրենց խնդրանքը մարդասիրության նկատառումներով:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայում ազատազրկված ռուսներ Ալեքսանդր Ալեքսանդրովն ու Եվգենի Երոֆեևը, որոնց ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի հետ փոխանակելու որոշում էր կայացվել, վայրէջք են կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։