ԼՂ բանակցություններն այլևս փակուղում չեն, կա պայմանավորվածություն հունիսին հանդիպելու. Վ. Կարապետյան (տեսանյութ)

20:13 • 26.05.16

 

Հայաստանը պետք է պնդի, որ ԼՂ հակամարտության շուրջ հունիսին կայանալիք Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը տեղի չի ունենա, եթե Վիենայում ձեռքբերված պայմանավորվածությունները մնան թղթի վրա: 


Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, Կոնգրեսի վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը` նշելով, որ համանախագահների հայտարարությունը՝ մշտադիտարկում անցկացնելու ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնելու վերաբերյալ, պիտի կյանքի կոչվեն:


«Թերևս պետք է նկատի ունենանք, որ բանակցային գործընթացում Հայաստանից ներգրաված է երկու հոգի՝ Սերժ Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը: Վստահ եմ, որ ավելի ցածր մակարդակում զրոյական տեղեկատվություն կա փաստաթղթի նոր մանրամասների, դետալների վերաբերյալ, որը դրված է սեղանին ու որի շուրջ հունիսին բարձր մակարդակով բանակցություններ տեղի կունենան»,- նշեց Վլադիմիր Կարապետյանը:


Նրա խոսքով՝ պետք է ապավինել, ինչը անում է նաև ՀԱԿ-ը, որ ՀՀ ղեկավարությունն այնքան ինքնավստահ լինի, որ չգնա այնպիսի քայլերի, որոնք հեռանկարային առումով կարող են վտանգավոր լինել ՀՀ շահերի համար:
 

«Մենք ԼՂ՝ նախկին ԼՂԻՄ տարածքներ ենք տվել թշնամուն: Կուզենայի, որ հստակ ընկալում լիներ ոչ միայն Երևանում, այլև՝ Ստեփանակերտում, որ ի վերջո դադարենք անվանել տարածքները ոչ ռազմավարական, ոչ մարտավարական նշանակության կամ ամայի: Դա մեզ պատիվ չի բերում, երբ կորուստը արդարացնելու համար նման որակումներ են տրվում»,- նշեց ՀԱԿ վարչության անդամը:
 

Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ այս փուլում զիջումների չգնալը, որոնք արդարացված չեն, կարող է մեծ մարտահրավերի առաջ կանգնեցնել մեր երկու պետությունները:

 

Դիտարկմանը, թե Վիեննա մեկնելուց առաջ էլ Նախագահ Սերժ Սարգսյանը ներսում ամուր թիկունք ուներ, աջակցություն՝ ընդդիմությունից, այդ թվում՝ ՀԱԿ-ից, Վլադիմիր Կարապետյանն այսպես արձագանքեց. «Դժվար է ասել՝ ինչ արդյունք է տվել, բայց ոչ մի վտանգավոր բան էլ տեղի չի ունեցել: Ես չգիտեմ, թե բանակցությունները վերսկսելու Սերժ Սարգսյանի երեք նախապայմանները որքանով են բավարարվել, բայց կարող եմ ասել, որ համանախագահների կողմից հնչեցված մշտադիտարկման մասին հայտարարությունը պետք է կյանքի կոչվի: Հայաստանից պետք է պնդեն, որ հունիսին կայանալիք երկրորդ հանդիպումը չի կայանա, եթե մշտադիտարկումն իրականացնելու, Կասպշիկի գրասենյակը ընդլայնելու պայմանները չիրականացվեն: Մեր դիրքերն ավելի թույլ կլինեն, եթե այս պայմանները չիրագործված մենք գնանք բանակցությունների»:
 

Կարապետյանն ընդգծեց՝ որքան բանակցություններն ակտիվ ընթանան, այնքան կմեծանա հակամարտությունը կարգավորելու հնարավորությունը:


«Բանակցությունները փակուղում էին: Հիմա կարող ենք արձանագրել, որ բանակցություններն այլևս փակուղում չեն, որովհետև կա պայմանավորվածություն հունիսին հանդիպելու»,-նշեց նա:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Tert.am-ի տեսանյութում։

ԼՂ բանակցություններն այլևս փակուղում չեն, կա պայմանավորվածություն հունիսին հանդիպելու. Վ. Կարապետյան (տեսանյութ)