Նորաստեղծ ռեանոմոբիլների շնորհիվ նորածինների մահացության դեպքերը բավականին նվազել են. Արմեն Մինասյան

17:21 • 26.05.16

 


ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությանը բժշկագիտության բնագավառում մրցանակ տրվեց` Արմեն Մինասյանին, Հրանտ Կալենտերյանին, Իգոր Նալչաջյանին, Շահանե Գևորգյանին և Մարինե Հովակիմյանին` «Նորածնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» աշխատանքի համար:


Բժշկական համալսարանի կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերակենդանացման բաժանմունք տեղափոխված նորածինների 80 տոկոսն ունենում է շնչառական խնդիրներ, ինչը նորածիններին բնորոշ խնդիր է:


«Նորարարությունն այն է, որ կիրառվել է նոր մեթոդ՝ բարձր հաճախականությամբ արհեստական շնչառության սարքի շնորհիվ»,- ասաց նա և նշեց, որ  մահացության թվերի իջեցումը պայմանավորված է նաև նրանով, որ կատարվել են լուրջ կազմակերպչական միջոցառումներ:


«Մասնավորապես մեր ուժերով ստեղծվել են երկու ռեանոմոբիլներ՝ բազային մոդելների հիմքում ամենագնացներն են, որոնք ՀՀ ճանապարհների պայմաններում թույլ են տալիս նորածիններին բոլոր ծննդատներից ժամանակին տեղափոխել համապատասխան կենտրոն՝ համալսարանական մանկական հիվանդանոց»,- ասաց նա և նշեց, որ դա բավականին նվազեցրել է մահացության թիվը:


Արմեն Ավետիսյանն ասաց, որ այդ ռեանոմոբիլներից տարածաշրջանում չկա: «Դրանք յուրահատուկ մեքենաներ են, որ մենք հարմարացրել են ենք հատուկ  նորածին տեղափոխելու համար: Բացի այդ բավականին լուրջ ներդրում է արվել ուսումնական պրոցեսում ինովացիոն տեխնոլոգիաների առումով»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է Նախագահի կողմից ստացած մրցանակին, ապա նա ասաց, որ այն
շատ մեծ նշանակություն ունի, որովհետև մարդ ցանկանում է  գնահատված լինել։

 

Նորաստեղծ ռեանոմոբիլների շնորհիվ նորածինների մահացության դեպքերը բավականին նվազել են. Արմեն Մինասյան