Խադիջա Իսմայիլովայի ազատ արձակումից հետո ինչ է սպասվում Ադրբեջանի մյուս քաղբանտարկյալներին. Radio Free Europe
Արևմտյան պաշտոնյաները և միջազգային իրավապաշտպան խմբերը ողջունել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովայի պայմանական ազատ արձակումն ադրբեջանական բանտից, հայտնում է ռադիոկայանի միջազգային ծառայությունը:
Նրա ազատ արձակումը, սակայն, ընդգծել է նաև քաղբանտարկյալներ համարվող բազմաթիվ այլ ակտիվիստների և լրագրողների դժվարին կացությունը, ովքեր շարունակում են մնալ ճաղերի հետևում նավթով հարուստ նախկին խորհրդային հանրապետությունում:
Ճաղերի հետևում են շարունակում մնալ տասնյակ լրագրողներ, ընդդիմադիր ակտիվիստներ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այլ քննադատներ՝ այնպիսի գործերով, որոնք նրանք և նրանց աջակիցներն անվանում են իրենց քաղաքական գործունեության համար հատուցում:
ԱՄՆ-ում գտնվող Freedom House իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է մնալ 80 քաղբանտարկյալ:
Նրանց ձերբակալություններն ու հետապնդումները տեղի են ունեցել վերջին երեք տարիներին Ադրբեջանում արևմտյան իշխանությունների և իրավապաշտպան խմբերի կողմից դատապարտված այլախոհության դեմ լայն բռնաճնշումների ֆոնին:
Ազատազրկված է շարունակում մնալ առնվազն հինգ լրագրող, ովքեր համարվում են քաղաքական շարժառիթով հետապնդումների զոհ մի շարք մեղադրանքներով, որոնց թվում են նաև խուլիգանությունը և թմրանյութերի հետ կապված հանցագործությունները:
Շարունակում են բանտարկված մնալ նաև բազմաթիվ քաղաքական ակտիվիստներ, այդ թվում՝ ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունից և NIDA երիտասարդական քաղաքացիական շարժումից:
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակը հայտարարել է, որ Իսմայիլովայի ազատ արձակումը «քայլ առաջ է Ադրբեջանի համար միջազգային հանձնառությունները կատարելու ճանապարհին» և կոչ է արել «ազատել Ադրբեջանում քաղաքական հիմքերով ձերբակալվածներին կամ տեղաշարժի սահմանափակման տակ գտնվողներին»:
Ալիևը կամք է դրսևորել լսել քաղբանտարկյալներ համարվողների (Բաքուն կտրականապես դեմ է այդ որակմանը) ազատ արձակման կոչերը: Ադրբեջանի գերագույն դատարանի կողմից Իսմայիլովայի պատիժը պայմանական պատժով փոխարինելու որոշումից առաջ՝ Ալիևը համաներում էր հայտարարել այս բանտարկյալներից 14-ի նկատմամբ, այդ թվում՝ NIDA խմբի անդամների և մարդու իրավունքների պաշտպան Ռասուլ Ջաֆարովի նկատմամբ: Այնուամենայնիվ, շարունակում են բանտարկված մնալ NIDA-ի այլ ակտիվիստներ:
Լրատվամիջոցը հիշեցնում է օրերս թմրանյութեր պահելու մեղադրանքով ձերբակալված Բայրամ Մամեդովի և Գիյասադին Իբրահիմի մասին, ովքեր մինչ այդ գրաֆիտի էին արել Բաքվում նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանի վրա:
Իսմայիլովայի ազատ արձակումը տեղի ունեցավ Ադրբեջանում Հանրապետության օրվանից երեք օր առաջ, որը երկրի առաջին տիկնոջ առաջարկով պետք է նշվի «մեծ համաներմամբ»: Սպասվում է թեթև հանցագործություններ կատարած մոտ 3500 կալանավորի ազատ արձակում: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք նրանք, ովքեր քաղբանտարկյալ են համարվում, կազատվեն, թե ոչ:










