Բոլիվիայում ոստիկանների ու հաշմանդամություն ունեցող անձանց միջև բախում է տեղի ունեցել
Բոլիվիայի Լա Պաս քաղաքում սահմանափակ հնարավորություններով մարդկանց բողոքի ակցիան, որի ընթացքում նրանք պահանջում էին ավելացնել ամենամսյա նպաստները, ավարտվել է ոստիկանության հետ բախումներով։
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, հասարակական կարգի պահապանները 6 ցուցարարի են ձերբակալել։
Անկարգություններն սկսել են այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են անցնել պատնեշը, որը փակել էր ճանապարհը դեպի հրապարակ, ուր տեղակայված են նախագահական պալատն ու խորհրդարանի շենքը։
Գերատեսչության տվյալներով՝ մի քանի ցուցարարներ «սուր գործիքներով հարձակվել են ոստիկանների վրա», ինչի հետևանքով ոստիկանությունը հարկադրված է եղել ջրցան մեքենաներ կիրառել։
ՆԳՆ-ից ճշգրտել են, որ ձերբակալվածները հաշմանդամություն ունեցող անձինք չեն։
Անկարգությունների ընթացքում 10 մարդ է տուժել։ Նրանցից երկուսը հոսպիտալացվել են, մյուսներին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում։










